Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես կործանել Հայաստանը, թող շարունակի Ամուլսարի ծրագիրը։
Ես և հանքարդյունաբերության ոլորտում իմ չորս միջազգային խորհրդատուները երեք տարի շարունակ ուսումնասիրել ենք «Լիդիան»-ի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի նախագիծը և 2023 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ներկայացրել բնապահպանական բոլոր ռիսկերը։ Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց նախագծի իրականացումը։
Խնդիրն այն է, որ 2005 թվականին հիմնադրված ամերիկյան «Lydian» ընկրությունը չունի հանքարդյունաբերության ոլորտում նախորդ գործնական փորձ և վարկանիշ, ունի թերի ու անբավարար գնահատականներ ու երաշխիքներ, և աշխարհի որևէ այլ վայրում չի իրականացրել նման քիմիապես և էկոլոգիապես վտանգավոր նախագիծ: «Լիդիան»-ի առաջին և միակ ծրագիրը Ամուլսարն է, որը գտնվում է Հայաստանի ամենակարևոր ջրային ռեսուրսների սրտում: Եթե այս հանքը գտնվեր մեկ այլ վայրում՝ ջրային ռեսուրսներից հեռու, ապա դրա վտանգավոր բնապահպանական ազդեցություններն ու հետևանքները շատ ավելի քիչ կլինեին, և դուք ընդհանրապես չէիք լսի իմ ձայնը։
Ամուլսարի գտնվելու վայրը ամենից վտանգավոր ռիսկային գործոնն է. այն տեղակայված է երեք գետերի (Արփա, Դարբ և Որոտան), երկու ջրամբարների (Սպանդարյան և Կեչուտ) ու ստորգետնյա թունելի հարևանությամբ՝ Ջերմուկի անմիջական մոտակայքում, ինչն ուղղակիորեն կանդրադառնա նաև Սևանա լճի վրա:
Թթվային դրենաժի (թթվային հոսքերի) անվերահսկելի բարձր մակարդակի պատճառով, ըստ Ձեզ, ի՞նչ կարող է պատահել հարյուրամյակների ընթացքում Հայաստանի կարևորագույն ջրային ռեսուրսների ակունքին: Ընդհանրապես, հանքարդյունաբերական գործունեությունը չպետք է մոտ լինի կենսական նշանակություն ունեցող ջրային համակարգերին, ինչպիսին Ամուլսարն է:
Մեկ այլ կարևոր ռիսկի գործոն է հանքային ապարների կառուցվածքը (the composition of the ore deposit). մեկ տոննա հանքաքարի մեջ առկա է ընդամենը 0,75 գրամ ոսկի: Դա նշանակում է հսկայական տարածքների ավերում և տեկտոնիկ տեղաշարժեր՝ այդ չնչին քանակությամբ ոսկին կորզելու համար։
Եթե ցանկանում եք վերջնականապես կործանել Հայաստանը, շարունակե՛ք Ամուլսարի ծրագիրը:
Հղումով ներկայացված տեսանյութը կարող է հստակ պատկերացում տալ այս նախագծի հետ կապված բազմաթիվ ռիսկերի մասին։
Սերգեյ ԱԲԱԶՅԱՆԻ ՖԲ էջից
Տեսանյութի հղումը՝